չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ». Ճանապարհները կհսկեն բջջային հավելվածներով

«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ». Ճանապարհները կհսկեն բջջային հավելվածներով

Ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգը թույլ կտա դրանց հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նրա խոսքով, այս որոշմամբ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։

Սանոսյանը նշեց, որ կառավարությանը և սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այդ հավելվածով աշխատելու համար, այդ պատճառով էլ առաջարկում են այն կիրառել 2023թ-ի հունվարի 1-ից։

Ըատ նախարարի՝ ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար՝ սահմանելով, որ դրանք ապահովվեն ձյունամաքրիչ մեքենաներով, որոնք կահավորված կլինեն ձյունամաքրիչ, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:

«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,-հայտարարեց Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա և դրանք պետք է լինեն հիմնականում 15 և ավելի ցածր տարիքի, որոնց 70 %-ը պետք է լինի կապալառուի սեփականությունը:

Ըստ նախարարի՝ այդ պայմանները բավարարելու դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։

Նրա խոսքով, արդեն այս տարվա դեկտեմբերին համապատասխան մրցույթները կանցկացվեն:

Նիկոլ Փաշինյանը մտահոգվեց, որ կարող է մինչ այդ ձյուն գալ և ճանապարհների սպասարկում չիրականացվի, ինչը Գնել Սանոսյանը փարատեց՝ ասելով, որ մինչ մրցույթների ավարտը ճանապարհների սպասարկման հին համակարգը կգործի:

  • Կիսվել: