շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Ավինյան

Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Ավինյան

Ավարտվել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի փորձաքննության ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենը։

«Մրցույթն իրականացվել է առանց ֆինանսական միջոցների: Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Կկնքվի համաձայնագիրը, կսկսվեն աշխատաբնքները, որի տեւողությունը 2 ամիս է:

Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում: Ինչպես նաեւ ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,–ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ցանկանում են այս տարի սկսել կայարանի կառուցումը. «Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։

Կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։

  • Կիսվել: