ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ-ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով. Ֆինանսների նախարար

Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ-ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով. Ֆինանսների նախարար

2022թ-ի կապիտալ ծախսերի պակասուրդը պետական բյուջեով պլանավորված 3 տոկոսի փոխարեն փաստացի կազմել է 2.1 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Տարվա ընթացքում պլանավորված 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտները վերանայվել են, ավելացվել 110 մլրդ դրամով և դարձել 2 տրլն 58 մլրդ դրամ։ Ծախսերը 2 տրլն 184 մլրդ դրամից վերանայվել են 104 մլրդ դրամով և դարձել են 2 տրլն 288 մլրդ դրամ։ Եվ դեֆիցիտը համապատասխանաբար նվազել է` 236 մլրդ դրամից իջնելով 229 մլրդ դրամի»,-ասաց նախարարը։

Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են, իսկ ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով (կատարվել են 98 տոկոսով)։

Ֆինանսների նախարարի խոսքով` եկամուտների աճը որոշակիորեն պայմանավորված է եղել մի շարք իրավախախտումների գծով հավաքագրումների աճով (պետտուրքի, բնապահպանական վճարի և շահութահարկի գծով):

Հարկային հավաքագրումներում ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ-ն` 35 տոկոս, եկամտահարկը` 24.7 տոկոս, շահութահարկը` 11.6 տոկոս։

Ինչ վերաբերում է ծախսերին, 2022-ին ավելացած 104 մլրդ դրամից 45.8 միլիարդը, նախարարի մեկնաբանմամբ, ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, 58 միլիարդը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ-ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Մենք 2019թ-ին ունեցել ենք 73 տոկոս կատարողական, 2018-ին` 74 տոկոս։ Սա առաջին հերթին խոսում է մեր` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին»,-ասաց նախարարը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` ամենածախսատարը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը ծախսում է բյուջեի 27.4 տոկոսը, ՏԿԵՆ-ը ծախսում է բյուջեի 10 տոկոսը, ԿԳՄՍՆ-ն` 9, Ֆինանսների նախարարությունը` 9, իսկ Պաշտպանության նախարարությունը` 21.4 տոկոսը։

  • Կիսվել: