շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ում գլխին ինչ թիվ փչում էր՝ ներկայացնում էր»․ ավագանու անդամը տրանսպորտի ուղեվարձի մասին

«Ում գլխին ինչ թիվ փչում էր՝ ներկայացնում էր»․ ավագանու անդամը տրանսպորտի ուղեվարձի մասին

Տրանսպորտային համակարգի բարեփոխումները համապարփակ են և բազմավեկտոր։ Վեկտորներից մեկը սպասարկման որակը բարձրացնելն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Հայկ Սահակյանի հարցին։

«Բոլորս ընդունում ենք, որ եթե ունես անգամ ամենաժամանակակից շարժակազմը, բայց վարորդների կողմից համապատասխան որակ, ծառայություն չի ապահովվում, խամրում է նաև լավ շարժակազմը»,- հայտարարեց փոխքաղաքապետը, ավելացնելով, որ այդ ուղղությամբ էական քայլեր կատարվել են՝ թե վարորդների վերապատրաստման, թե համազգեստի առումով։ Սակայն դեռ շատ անելիք կա։ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ աշխատանքից ազատել են մի վարորդի, որ փորձել է խոչընդոտել քաղաքացիների կողմից էլեկտրոնային եղանակով վճարումը։ «Ծխախոտից օգտվելու դեպքեր ենք ունեցել։ Դրանց շատ ուշադիր ենք և ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ շարունակական քայլեր լինելու են»,- նշեց փոխքաղաքապետը ։

«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Հայկ Սահակյանը խորհուրդ տվեց հետևագայում հետևություն անել հանրության հետ աշխատելու առումով։ Նրա խոսքով՝ երբ տրանսպորտի թանկացման օրինագիծը դրվեց քննարկման՝ տարբեր քաղաքական դեմքեր տարբեր գներ էին հայտարարում։ «Ում գլխին ինչ թիվ փչում էր՝ ներկայացնում էր։ Կարծում եմ, որ դա նաև մեր թերությունն է, որ հանրությանը շատ ավելի լավ չենք բացատրում, թե ինչի համար և ինչ»,- հայտարարեց ավագանու անդամը։

Փոխքաղաքապետը համաձայնեց՝ նշելով, որ լավատեսությունն, ամեն դեպքում, չի կորցնում և ակնկալում է, որ հակադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչները չեն դիմի «ուղիղ ստի և մանիպուլիացիայի գործիքակազմին»։ Նա նաև ընդունեց, որ հանրության հետ լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն կա, դրա համար էլ նախագիծը քվեարկության չի դրվելու։

  • Կիսվել: