Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունները կտրամադրվեն բացառապես թվային եղանակով
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել և իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ տրանսպորտի թվային ոլորտի ծառայությունների transport.e-gov.am հարթակում։
Թույլտվության տրամադրման գործընթացում բեռնափոխադրողի պարտականությունները սահմանափակվում են անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակ մուտքագրելով։
Արդյունքում, մասնավորապես՝ կկրճատվեն թույլտվությունների տրամադրման համար նախատեսված ժամկետները, նախկին կանոնակարգման 5-15-օրյա ժամկետները կրճատվում են մինչև 3 օր, էլեկտրոնային տարբերակով կձևավորվի այդ բեռների փոխադրումների շտեմարան, որը հասանելի կդառնա բոլոր շահագրգիռ մարմիններին։