շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի մեկնարկը

Տրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի մեկնարկը

Երևանում տրվեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի մեկնարկը: 

20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է Դիմոքրասի Ինթերնեյշնլի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ:

«Ցանկանում եմ մատնանշել, որ այս ծրագիրը ևս մեկ օրինակ է ԱՄՆ ՄԶԳ-ի որդեգրած մոտեցման` ստեղծելու բարենպաստ միջավայր մեր տեղական գործընկերների համար` լուծելու իրենց համայնքների զարգացման մարտահրավերները: Այն կապահովի առավել ուժեղ սոցիալական պաշտպանություն` խթանելով «Ոչինչ մեր մասին առանց մեր մասնակցության» սկզբունքը»,- միջոցառման ընթացքում իր խոսքում նշեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալլելոն:

Ծրագրի շրջանակներում կյանքի կոչվող գործողություններն ուղղված կլինեն սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող բազում հարցերի, այդ թվում` տեղահանված բնակչություն, կանայք, հատուկ կարիքներ ունեցող անձինք, խաղաղության և անվտանգության ջատագովներ, ընտանեկան/գենդերային բռնության զոհեր, հասարակության այլ մարգինալացված խմբեր:

«Ժողովրդավարական զարգացման գործընթացների առանցքային դերակատարների, այդ թվում՝ պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշումներ կայացնողների, մասնավոր նախաձեռնությունների, ակադեմիական ոլորտի և լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք ապահովելու ապացույցների վրա հիմնված մոտեցումներ՝ աջակցելու ներառման, սոցիալական պաշտպանության և հզորացման քաղաքականությանը և օրենսդրական բարեփոխումներին Հայաստանում»,- ողջույնի խոսքում նշեց «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» գործադիր տնօրեն և նախագահ Էրիկ Բյորնլունդը:

Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Դիմոքրասի Ինթերնեյշնլի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում 5 տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքները։ Այն սոցիալական պաշտպանության ոլորտը դարձնում է առավել արդյունավետ և որոշակի ինստիտուցիոնալ զարգացում է ապահովում։

Ծրագիրը կհամագործակցի Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց հետ՝ բարելավելու խոցելի և մարգինալացված բնակչության կյանքը:

  • Կիսվել: