երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տրոցենկոն ձեռք է բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը Մուսախանովի և Խուդոլիի մասնակցությամբ

Տրոցենկոն ձեռք է բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը Մուսախանովի և Խուդոլիի մասնակցությամբ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել։

Կոմբինատի ամենախոշոր բաժնետերը «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն է. ընդհանուր բաժնետիրական կապիտալում նրա մասնակցությունը 32,4 տոկոս է։

Կոմբինատում նոր բաժնետեր է Միրզաազիզ Մուսախանովը. վերջինս 8,1 տոկոս բաժնետոմս ունի։ Մուսախանովը «Աէրոպորտ Տոլմաչովո» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։ Այդ ընկերությունը «Նովապորտ» հոլդինգի կազմում է, որի 50% սեփականատերը Տրոցենկոյին պատկանող AEON Corporation ընկերությունն է։

4,5 տոկոսի չափով բաժնետեր էլ դարձել է «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։

Ըստ հայտարարագրի՝ ԶՊՄԿ-ում 12,4 տոկոս բաժնեմաս ունի Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։
ԶՊՄԿ-ի 7,5 տոկոսը պատկանում է նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։

Եվս 15 տոկոս մասնակցություն ունի հենց ԶՊՄԿ-ը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում 2,5 տոկոս բաժնեմաս ունի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը. նույնքան բաժնեմաս էլ ունի Գուրգեն Ամբարյանը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։

  • Կիսվել: