հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում խաղային ոլորտում առաջարկվող փոփոխություններն են

Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում խաղային ոլորտում առաջարկվող փոփոխություններն են

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 30-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորներն անդրադարձել են նախորդ օրը քննարկված, սակայն քվեարկությունը հետաձգված ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթին:

Հեղինակի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության վերաբերյալ 30-ից ավելի առաջարկներ են ներկայացվել, որոնցից միայն 2-ը չեն ընդունվել:

Լրամշակված նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ մինչև երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային քննարկում:

Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ: Ընդունվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկը, ըստ որի՝ տնտեսավարողների մոտ թեմատիկ ուսումնասիրություններ կարող են իրականացվել տարեկան առավելագույնը 3 անգամ: Երկրորդ ուսումնասիրությունը կարող է կատարվել միայն ՊԵԿ նախագահի հրամանով՝ կոնկրետ պայմանների առկայության դեպքում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ զեկուցողի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը երկու փոփոխություն է կատարել նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: