չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կան ներդրողներ, ովքեր Տավուշում կասեցրել են ներդրումները՝ սահմանային խնդիրների վերաբերյալ լուրերի պատճառով. մարզպետ

Կան ներդրողներ, ովքեր Տավուշում կասեցրել են ներդրումները՝ սահմանային խնդիրների վերաբերյալ լուրերի պատճառով. մարզպետ

Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում։ Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով՝ 2021 թ-ը Տավուշի համար լինելու է արմատական փոփոխությունների ու վերագործարկման տարի, քանի որ 2020-ը խաթարեց մարզի զարգացման հետ կապված բոլոր պլանները: 

«Մենք համարում ենք, որ ապագայում մեր ամենամեծ ներուժը այդտեղ է թաքնված, որովհետև մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ավելին՝ մենք ոռոգում ենք այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հա:

2021թ-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր՝ ոռոգման համակարգերի վերականգնման առումով, որոնք վերաբերում են նաև մեր ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք, ինչպես գիտեք, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, ամենացածրադիր գոտում, և մենք այդ ջրերը գրեթե չէինք օգտագործում»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ այս տարի պետություն-մասնավոր համգործակցություն ծրագրերով նախատեսվում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր:

Չոբանյանը նշեց, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը: Դրանք հիմնականում ՀՀ-ից դուրս բնակվող ներդրողներն են, ովքեր Տավուշում սահմանների վերանայման մասին տարածված լուրերի ազդեցության տակ, առայժմ չեն շտապում վերսկսել իրենց ներդրումային ծրագրերը:

  • Կիսվել: