Տարվա սկզբից հավաքագրել ենք 2 տրլն 13 մլրդ դրամի հարկեր. սա 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից. ՊԵԿ նախագահ
2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ–ի կողմից հարկ վճարողների հետ համագործակցությամբ ապահովվել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից բյուջեով ավել է 13.4 միլիարդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից 7.4 միլիարդ դրամով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Եթե խոսենք անցած տարվա նկատմամբ դինամիկայի մասին, ապա մոտ 14%-անոց աճ ունենք, ավել է հավաքագրվել անցած տարվա ինը ամիսներից 246 միլիարդ դրամ։
Տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում ունենք, և այստեղ մեր տնտեսական գործոններին զուգահեռ, ծանրակշիռ ազդեցություն ունի վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը իրականացվում է ՊԵԿ–ի կողմից»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե ինչն է ազդել նման ցուցանիշներ ունենալու վրա, ՊԵԿ նախագահն ասաց. «Ամենաառաջին կարևոր գործոնը այն է, որ մեր բարեփոխումների առանցքում մարդակենտրոնությունն է՝ հիմնված և արդարության և հոգատարության վրա, որի հենքի վրա կառուցվում են նաև մեր հանրային խոսքը և շփումները հարկ վճարողների հետ։ Մյուս գործոնները վերաբերում են վարչարարությանը։
Մեր բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, բայց այստեղ էականը ոչ թե այդ թիվն է, այլ թե ինչ է տեղի ունենում դրա կառուցվածքում։ Նշեմ, որ մենք բարելավում ենք վերլուծական գործիքների դերը, ինչը նշանակում է անշփում վարչարարություն հարկ վճարողների հետ։ Այսպես, օրինակ ինը ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է մոտ 57 միլիարդ դրամ գումար, որը շուրջ 9% ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Մյուս գործոնների խումբը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։ Նախ հաշվարկային փաստերը ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունը աճել է 15%-ով, իսկ դրանց դուրսգրման քանակը 17%-ով: Մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակներում անկանխիկ վճարումների քանակը աճել է 55%-ով, իսկ գումարը 32% ով»,–ասաց նա։


