ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեղծվել է Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

Ստեղծվել է Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։

Ուկրաինայի արդյունաբերողների և գործարաների միության ու Գործատու կազմակերպությունների միավորման նախագահ Անատոլի Կինախն իր հերթին անդրադարձավ այն ներուժին, որն առկա է Հայաստանի և Ուկրաինայի տնտեսություններում՝ համատեղ գործակցության առումով։ Նա հույս հայտնեց, որ երկու երկրների գործարար համայնքներն այսուհետ առավել ակտիվություն կդրսևորեն միասնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հիմնադիր ժողովին մասնակից գործարար միությունների, միավորումների և ճյուղային ասոցիացիաների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում եղած կացությունը, փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։

Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հինադրման hամաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի կողմից յոթ (ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ՀՀ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միություն, ՀՀ շինարարների միություն, ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիա, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ), Ուկրաինայից՝ վեց (ՈՒՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՈՒՀ կենտրոնական բանկ, ՈՒՀ գործարու կազմակերպությունների միավորում, ՈՒՀ ինտերնետ ասոցիացիա, ՈՒՀ շինարարական պալատ, ՈՒՀ թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա) կառույցների ղեկավարներ։

Ըստ Համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներն են նպաստել Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջև, խթանել մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, ուղղված կլինեն երկկողմ կամ բազմակողմ նախագծերում համատեղ մասնակցությանը։ Նպատակներից է նաև Ուկրաինայի և Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությանն ու գործնական միջոցառումներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։

Խորհրդին անդամակցությունը բաց և կամավոր է Ուկրաինայի և Հայաստանի գործարար միությունների, միավորումների ու արդյունաբերական ասոցիացիաների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՈՒՀ և ՀՀ ցանկացած այլ կորպորատիվ ու ֆինանսական կազմակերպությունների համար:

Գործարար խորհրդի համատեղ նիստերը կանցկացվեն պարբերաբար՝ առնվազն տարին երկու անգամ՝ հաջորդաբար Ուկրաինայում և Հայաստանում կամ առցանց։

Ժողովին մասնակիցեցին և նախաձեռնությունը ողջունելի գնահատեցին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում ՈՒՀ գործերի ժամանակավոր հանձնակատար Դենիս Ավտոնոմովը։

  • Կիսվել: