Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»
Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ապա՝ 2024-ի հոկտեմբերին համայնքի ղեկավար։ Գրում է «Հետք»-ը։
«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Ընկերությունը Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո, համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր 85 մլն 805 հազար դրամի չափով։
2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր։
Այս տարվա հունվարին համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Սիսիան քաղաքում կրթական այգու կառուցման համար։ Մրցույթին մասնակցել էր երեք ընկերություն, որոնցից երկուսը ներկայացրել էին իրար մոտ գնառաջարկներ՝ 33.6 և 33.8 մլն դրամ, իսկ «Առաքել» ՍՊԸ-ն առաջարկել էր աշխատանքը կատարել 25.2 մլն դրամով և համայնքապետարանի հետ այդ չափով պայմանագիր է կնքել։
2024-ի ապրիլին, երբ Հովսեփ Առաքելյանի ավագանու անդամ էր, «Առաքել» ՍՊԸ–ն հաղթել էր Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրում շենքի տանիքի վերանորոգման մրցույթում։ Ընկերության հետ կնքվել էր 3.7 մլն դրամի պայմանագիր։
Այս բոլոր դեպքերի վերաբերյալ Առաքելյանը համայնքի կայքում ներկայացրել է շահերի առկայության վերաբերյալ հայտարարություն, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջ է։ Գնումների մասին գործող օրենքը չի արգելում համայնքի ղեկավարին պայմանագրեր կնքել իրեն փոխկապակցված անձանց հետ, սակայն 2026 թ․–ի մայիսի 6-ին ընդունված փոփոխություններով, 2027 թվականի հունվարի 1-ից դա կարգելվի։
Բացի Սիսիանի համայնքապետարանից, «Առաքել» ՍՊԸ-ն 2023-ի նոյեմբերին պայմանագիր է կնքել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։ Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի վարժարանի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի մասնակի վերանորոգման համար կազմակերպված մրցույթի արդյունքում «Առաքել» ՍՊԸ-ն հաղթել է և համալսարանի հետ կնքել 2.3 մլն դրամի պայմանագիր։
Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ «Առաքել» ՍՊԸ-ից 2025 թվականի ընթացքում որպես շահաբաժին և աշխատավարձ նրանք ստացել են ընդհանուր 6.5 մլն դրամ։ Իսկ թե որքան կկազմի նրանց եկամուտն այս տարի՝ համայնքի հետ կնքված խոշոր պայմանագրերից հետո, կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրում։
«Հետքը» գրավոր հարմամբ դիմեց Սիսիան Համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին ճշտելու արդյո՞ք համայնքաին մրցույթներում «Առաքել» ՍՊԸ-ի հաղթանակները պայմանավերված են իր զբաղեցրած պաշտոնով։ Առաքելյանն իր պատասխանում նշել է, որ ծնողներին պատկանող ընկերության հաղաթնակաները մրցույթներում պայմանավորված չէ իր զբաղեցրած պաշտոնով որպես օրինակ ներկայացնելով 2024 թվականի ապրիլի 9-ին կնքված պայմանագիրը։ Ճիշտ է, այդ ժամանակ Հովսեփ Առաքելյանը դեռևս համայնքի ղեկավար չէր ընտրվել, սակայն նա նույն համայնքի ավագանու իշխող խմբակցության անդամ էր։
«Շահերի բախման հնարավոր իրավիճակների կանխարգելման հարցում ես առաջնորդվել եմ օրենսդրությամբ սահմանված պահանջներով և գործընթացի նկատմամբ առավելագույն թափանցիկության ու հրապարակայնության ապահովման անհրաժեշտությամբ : Մասնավորապես, իմ կողմից ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել գրավոր հայտարարություն շահերի բախման հնարավոր իրավիճակի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի իրականացման, իրավիճակի պատշաճ կարգավորման և համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: Հանձնաժողովին պատշաճ կերպով ներկայացվել է նաև «Առաքել» ՍՊԸ-ի հետ առկա ազգակցական կապի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսինքն տվյալ հանգամանքը չի թաքցվել կամ շրջանցվել, այլ ընդհակառակը, դրա մասին պաշտոնապես տեղեկացվել է իրավասու մարմնին հնարավոր շահերի բախումը կանխարգելելու և գործընթացի անկողմնակալությունն ապահովելու նպատակով»,- նշված է Առաքելյանի պատասխանում։



