Շուրջ 12 կմ նոր կոյուղատար ցանց է կառուցվել, 40 կմ գազատար նոր ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար․ Ավինյանը՝ կատարած աշխատանքների մասին
2023-ին աննախադեպ մեծ ծրագիր ենք իրականացրել «Գազպրոմ», կառուցապատողների ասոցիացիա, Երեւանի քաղաքապետարան համագործակցությամբ. Շուրջ 40 կմ գազատար նոր ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար: Այս մասին, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս հարցը շատ երկար ժամանակ բազմաթիվ քննարկումներ է անցել տարբեր ատյաններում: Այս տարի հիմնովին խնդիրը լուծել ենք:
Շուրջ 12 կմ նոր կոյուղատար ցանց է կառուցվել: Լուծվել է Մուշական թաղամասի կոյուղատար ցանցի տասնամյակներով չլուծված հարցը: Սա նույնպես ռեկորդ է:
Ավագանու որոշմամբ թույլատրվել է 4-րդ կարգի վթարային Արցախի նրբանցքի 10 եւ 10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Խոսքը շուրջ 63 ընտանիքի մասին է: Սկսվել է վերաբնակեցման գործընթացը: Արզումանյան 10 եւ 17 ենքերի բնակիչների հարցը նույնպես ընթացքի մեջ է»,- նշեց Ավինյանը: