չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ

Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Շահումյան և Ֆիոլետովո համայնքների դպրոցների բակերում հիմնվել են ինտենսիվ այգիներ:
 
Այգիների բացման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի Արամ Գրիգորյանը, հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ։
 
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջույնի խոսք է հղել Արամ Գրիգորյանը. «Շատ կարևոր է, որ մեր կրթական հաստատությունները մասնակցում են նման ծրագրերի: Այգիների հիմնումը մեծ նպաստ կբերի ոչ միայն դպրոցներին, այլև աշակերտներին՝ սովորեցնելով ճիշտ կատարել գյուղատնտեսական աշխատանքները, նաև սեփական ուժերով մշակված էկոլոգիապես մաքուր սնունդը ճաշակել ընդմիջումներին»:
 
Շահումյանի դպրոցի տնօրեն Ռիտա Հարությունյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին՝ շեշտելով մարզային իշխանության դերը ծրագրի իրականացման գործում: Դպրոցի այգում տնկվել են խնձորի, սալորի, դեղձի, նշի ծառեր, ազնվամորի, բրոկոլի և այլ բանջարաբոստանային մշակաբույսեր:
 
Տնօրենը նշել է, որ այգու բարիքներն աշակերտները կճաշակեն նոր վերանորոգված ճաշարանում: Վերջինս, ի դեպ, ամբողջովին վերանորոգվել է ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցին տրամադրված միջոցներով: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը վստահեցնում է՝ այգիների տարածքն առաջիկայում կընդլայնվի և կհամալրվի նոր տեսակի պտղատու ծառերով:

  • Կիսվել: