հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սևանա լճում սիգի քանակն ավելացել է․ Հակոբ Սիմիդյան

Սևանա լճում սիգի քանակն ավելացել է․ Հակոբ Սիմիդյան

Սևանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 և 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սևանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սևանա իշխանի ծրագրի շարունակման համար: Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից. «Մենք գիտենք, որ Սևանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա և կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան և Սևանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- նշեց Սիմիդյանը։

  • Կիսվել: