երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը

Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը,  շարունակելով դեռեւս 2015 թվականին մեկնարկած Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության եւ լիճ բաց թողնելու  աշխատանքները,  2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել  է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ: 

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի եւ ՀՀ բնապահպանության նախարարի  համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:

Սեւանա լիճ է բաց թողնվել  Սեւանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 գրամ միջին քաշով   եւ Գեղարքունի տեսակի 10 հազար հատ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով: Մանրաձկան ձեռքբերումն իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված ‹‹Սեւանի իշխան›› ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր եւ Մասրիկ գետերում: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամն  իրականացրել է 72 հազար հատ Սեւանի իշխանի մանրաձկան բացթողում, որից 22 հազարը եղել է Ամառային, իսկ 50 հազարը՝ Գեղարքունի տեսակի: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի՝ Սեւանա լիճ բաց թողնված մանրաձկան խմբաքանակները եղել են բարձրորակ ու կենսունակ:

  • Կիսվել: