Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյանը՝ Իրան-Իսրայել բախման հնարավոր ազդեցության մասին
Տարբեր սցենարներ ենք ներկայացնում բյուջետային փաստաթղթի մեջ, այդ ռիսկային սցենարի ազդեցությունը նույնպես գնահատում ենք: Օրինակ՝ ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է լինել 5,1-ի փոխարեն 1,3 տոկոս: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:
«Կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա: Կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա: Շատ բան կախված է սրացման աստիճանից և դրա տևողությունից»,- ասաց նա:
Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երբ 2022-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ՀՀ-ում տնտեսության վատթարացման սցենարներ էին քննարկվում, բայց իրական կյանքում եղավ այլ բան:
«Մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ դրա հետևանքով: Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել, մեր անելիքները մնում են նույնը, այսինքն՝ անելիքների հետ կապված տարբերություն չկա»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Իրան-Իսրայել հակամարտության՝ բացասական առումով Հայաստանի վրա ազդելու հնարավոր սցենարներին, ապա, ըստ նախարարի, պատերազմը կարող է ազդել մատակարարումների ոլորտի վրա, որովհետև ՀՀ տնտեսության լոգիստիկայի մի մասը կապված է նաև Իրանից մատակարարումների հետ. դրանք կարող են խաթարվել, ձգձգվել, թանկանալ:
«Եթե իրավիճակն այնպես սրվի, որ միջազգային ներդրողները նույնպես [Հայաստանը] սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու համար, դա արդեն կարող է ազդել տոկոսադրույքի վրա: Այսինքն՝ բազմաթիվ են գործոնները, որ կարող են ազդել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է հետևել զարգացումներին և հընթացս հասկանալ՝ ինչ պետք է անել: