Քվոտան սպառվել է, ավելացվել է 600-ը. ՊԵԿ նախագահը՝ առանց մաքսատուրքի Էլեկտրամոբիլների ներմուծման մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը՝ նշելով, որ 2024-ի համար նախատեսված 7400 քվոտան սպառվել է, ավելացվել է լրացուցիչ 600-ը:
«Այս տարի արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել արտոնյալ պայմաններով: Ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար: 600 քվոտան ավելացվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան և սպասում են ձևակերպման, կարողանան օգտվել նաև այդ արտոնությունից»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը 76 հատ է։
Հիշեցնենք՝ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել էլեկտրական շարժիչով 7400 տրանսպորտային միջոց։
Կոմիտեն հիշեցրել է, որ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած: