հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, Պետական հատվածի արդիականացման ու Տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով: Նախորդ տարվա համեմատ ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12.9 տոկոսով կամ 3.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակում կատարված ծախսերի նվազմամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գեւորգ Պապոյանը:

2022 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիրը ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրից փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցության միջոցառումը ՀՀ վարչապետի աշխատակազմից փոխանցվել է Ազգային ժողովին, իսկ «Վետերանների միավորում» ՀԿ-ի աջակցության միջոցառումը` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

2021 թվականի համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերի գծով արձանագրվել է 4,4 տոկոս աճ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատակազմն իր առջեւ նպատակ է դրել շարունակել պետական ապարատի արդյունավետության բարձրացման աշխատանքները: Նրա խոսքով տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում Ազգային ժողովի հետ աշխատանքը, համագործակցությունը: Նախագծերի բազմակողմանի քննարկումները թույլ են տալիս ԱԺ լիագումար նիստեր բերել ավելի որակով նախագծեր: Նա նշել է, որ աշխատակազմը շարունակելու է ամենաանմիջական մասնակցությունն ունենալ հանրային կյանքի խոշոր միջոցառումների կազմակերպմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել Արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրի պարագայում արձանագրված վատ ցուցանիշի, Կառավարության գործունեության թափանցիկության, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական վերազինման վերաբերյալ:

  • Կիսվել: