հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկում ՏԿԵՆ-ում՝ հայկական ընդերքօգտագործողների և իրանական ընկերության միջև

Քննարկում ՏԿԵՆ-ում՝ հայկական ընդերքօգտագործողների և իրանական ընկերության միջև

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր հանդիպում է կազմակերպվել իրանական «Բաբաք Մես Իրանիան» ընկերության, հայկական ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների և գիտական ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։

Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Մեղրաձոր Գոլդ» ,«Թեղուտ», «Լիդիան Արմենիա», «Չաարատ Կապան» հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ, գիտական ոլորտի մասնագետներ։

Իրանական ընկերությունը ներկայացրել է խտանյութից պղնձի կորզման կենսատարրալուծազատման՝ (Bio tank leaching) իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիան և Իրանում այդ տեխնոլոգիայով աշխատող ֆաբրիկայի փորձը:

Հանդիպմանը քննարկվել են հայկական ընկերությունների հետ պղնձարդյունաբերության ոլորտում համագործակցության իրանական կողմի առաջարկները, որոնք հետաքրքրություն են առաջացրել ոլորտի մասնագետների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ՝ համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:
ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետ Սուրեն Մամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել օրենսդրական կարգավորումների հարցերում, ինչպես նաև համագործակցությանը նպաստող միջավայր ստեղծել՝ անհրաժեշտության դեպքում նոր հանդիպումներ կազմակերպելով:

Հիշեցնենք, որ նախօրեին ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի հետ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելու նպատակով։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպում կազմակերպել ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների մասնակցությամբ և համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկները։

  • Կիսվել: