չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. Փաշինյան

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. Փաշինյան

Ջրային կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սևանա լիճ թափվող ջրերի մաքրման հարցին:

«Տեսեք ինչ է տեղի ունենում. բնակչությունը, մենք բոլորս օգտագործում ենք, ասենք՝ քիմիա, տարբեր տեսակի՝ լվացքի, ափսեներ լվանալու հեղուկներ և այլն: Այդ ջուրը լցվում է Սևանա լիճ, որտեղ սիգը այդ ջուրը, այդ քիմիան կլանում է, հետո մենք սիգը բերում դնում ենք մեր սեղանի վրա: Այս մեխանիզմը, որ ասում եմ՝ մարդիկ տեղյակ լինեն, սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հետո ի՞նչ հետևանքներ է ունենում առողջապահության ոլորտում: Իսկ Սևանում այսօր դրանք հասել են աննախադեպ ծավալների: Կենցաղային տեխնիկան է զարգացել, կենցաղային քիմիան է զարգացել, էժանացել է, դրանք դարձել են համատարած և այլն:

Այն քիմիայի ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, դա ուղղակի սարսափելի բան է: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ քիմիան վերադառնում է և մտնում մեր, մեր քաղաքացիների, մեր երեխաների օրգանիզմ, և առողջապահության ոլորտում ունենում ենք համապատասխան հետևանքներ:

Մեր սերունդի այդ ընկալումը, ընմբռնումը գալիս է այս կարգի տեղեկատվության հետ հաղորդակցվելուց, որովհետև մարդը գիտակցում է ինչ է անում: Մենք, օրինակ, եկեք խոստովանենք, գեղագիտական է թվում թեման՝ դե Սևան լցվում է, այդքան էլ լավ չէ, խղճի խայթ և այլն, բայց իրականում թեման գեղագիտականից բացի, շատ ավելի մեծ ընդգրկում ունի, որը վերաբերում է ՀՀ ժողովրդի առողջությանը:

Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության մեջ այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ:

  • Կիսվել: