Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, թվայնացման անկյունաքարը ID քարտն է. Փաշինյան
Երկուշաբթի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության 37.737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել: Նրանցից 17.000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, 16.271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները, և, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 մլրդ 482 մլն դրամ, այսինքն՝ մոտ 1,5 մլրդ քաղաքացիներն արդեն հետ են ստացել: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ, որն էլի վատ չէ, բայց ամեն դեպքում, այս պահի դրությամբ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է»,- ասաց նա:
Փաշինյանը ներկայացրեց նաև Էստոնիա կատարած այցի արդյունքում արած եզրահանգումները, որտեղ 2002 թվականից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, այսինքն՝ եթե չունես ID քարտ, չես կարող որևէ գործարք անել: Այդ համատեքստում Փաշինյանը ընդգծեց, որ Էստոնիայում թվայնացումը տևել է 30 տարի՝ արձագանքելով այն քննադատություններին, թե Հայաստանում թվայնացման գործընթացը երկար է տևում:
«Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, ինչ ուզում եք արեք: Այսինքն՝ թվայնացման անկյունաքարը ID քարտն է: Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, թվայնացումը հնարավոր չէ, այսինքն՝ թվայնացում կարող ենք ունենալ, բայց «ռամկի» մեջ դնենք, պատից կախենք, ասենք՝ տեսե՛ք, մենք թվայնացում ունենք: Դրա համար որպես կիրառական գործիք պարտադիր է ունենալ ID քարտ»,- ասաց նա: