Պտղաբերության գործակցով վերջին 30 տարում ամենաբարձր ցուցանիշն ենք գրանցել, բայց ծնունդների թիվը նվազել է. փոխնախարար
Ըստ վերջին պաշտոնական հրապարակումների, մենք պտղաբերության գործակցով վերջին 30 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն ենք գրանցել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւսոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Սա նշանակում է, որ մեկ կնոջ հաշվով մենք ամենաշատ երեխա ունեցել ենք 2023 թվականին՝ 1,9 գործակից։ 1994 թվականից հետո նման բարձր ցուցանիշ չենք ունեցել, բայց զուգահեռ ունենք ծնունդների բացարձակ թվի նվազում։
Դա կապված է պոտենցիալ ծնողների թվի նվազմամբ, այսինքն մեր բնակչության սեռատարիքային կազմը, մայրերը, որոնք մտնում են մայրանալու տարիք և զուգահեռ նաև մայրանալու, առաջին երեխան ունենալու տարիքը բարձրանում է։ Այսինքն պոտենցիալ ծնողների թիվը նվազում է, բայց մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը աճում է»,–ասաց նա։
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի ծրագրում մի բարեփոխում էլ են կատարել. «Սահմանամերձ բնակավայրերում, եթե կան հիպոթեկներ և այն բնակավայրերում, որտեղ դպրոց կամ մանկապարտեզ է կառուցվում, այդտեղ աջակցությունը ավելացվում է 50%-ով։ Այդ երկու ծրագրով 11 դեպք ունենք»։
Փաշինյանն էլ նկատեց, որ 11 դեպքը այն թիվը չէ, որը կարող է գոհացնել կառավարությանը։