կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոխվարչապետը՝ ձկնաբուծարաններին տրվող քաղցրահամ ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների մասին

Փոխվարչապետը՝ ձկնաբուծարաններին տրվող քաղցրահամ ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների մասին

Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ ձկնաբուծությամբ զբաղվող ջրօգտագործողները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են օգտվել ստորերկրյա քաղցրահամ ջրերից միայն, այսպես կոչված, ցիկլային համակարգի ներդրման դեպքում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ տնտեսվարող սուբյեկտները գիտեին այս պահանջի մասին։

՛՛Այս խնդիրը կարևոր է ինչպես էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման տեսանկյունից՛՛,-ասել է Խաչատրյանը։

Պարզաբանելով իր խոսքը՝ նա նշել է, որ այս տնտեսություններին տրվող քաղցրահամ ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների ընդհանուր ծավալը կազմում է տարեկան մոտ 930 մլն խմ այն դեպքում, երբ Հայաստանում խմելու ջրի օգտագործման բոլոր թույլտվությունները կազմում են ընդամենը 803 մլն խմ։

՛՛Այսինքն՝ 230-ից մի փոքր ավելի ձկնաբուծարաններն ավելի շատ քաղցրահամ ջուր են օգտագործում, քան երկրի ողջ բնակչությունը՛՛,-հստակեցրել է փոխվարչապետը։

Խաչատրյանը եզրակացրել է, որ նրանք պետք է տեղադրեն ջրի բազմակի շրջանառության համակարգեր։ Սա է պահանջելու նրանցից կառավարությունը՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։

՛՛Այս մասին գիտեին բոլոր 230 տնտեսվարող սուբյեկտները, քանի որ վերջին 1,5 տարվա ընթացքում հասցրել են թարմացնել նախկինում կնքված պայմանագրերը՛՛,-հավաստիացրել է փոխվարչապետը։

  • Կիսվել: