ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

Փոխվարչապետը կարևորել է Կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ՄՀԻ-ի նպատակադրումներն ու համագործակցության պատրաստակամությունը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է նաև հանրային իրազեկման առավել ընդգրկուն համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը խորացնելը, մասնավորապես՝ հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ընթացող ժողովրդավարական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: