ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արդյունաբերությունից մինչև առողջապահություն, կրթություն. ՀՀ կառավարությունն ընդլայնում է սարքավորումների սուբսիդավորման ծրագիրը

Արդյունաբերությունից մինչև առողջապահություն, կրթություն. ՀՀ կառավարությունն ընդլայնում է սարքավորումների սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ կառավարությունն ընդլայնում է սարքավորումների սուբսիդավորման ծրագիրը:

ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս տարի կառավարության որոշման մեջ նշանակալի փոփոխություն են կատարել: Մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին առաջարկել են թարմացնել իրենց սարքավորումները հոսքագծերը: Կառավարությունը պարտավորվել է սուբսիդավորել ֆինանսական ծախսերի մեծ մասը, վարկային կամ լիզինգի տոկոսները:

«Այդ ծրագիրը բավական հաջող ընթանում է: Արդեն ունենք 200-ից ավելի շահառու, 11 մլրդ ից ավելի կնքված գործարք: Խոշոր գործարքները դեռ առջևում են: Ծրագիրը թույլ է տալիս մինչև 10 մլրդ դրամի նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերել և կառավարությունը 3 կամ 3,5 տարի սուբսիդավորում է վարկային կամ լիզինգի տոկոսները: Հիմա առաջարկվող փոփոխությամբ մենք ընդլայնում ենք ծրագիրը՝ ներառելով նոր ոլորտներ»,-ասաց նախարարը:

Առաջարկվող փոփոխությունը բաղկացած է երկու մասից: Առաջին փոփոխության համաձայն՝ արդեն եղած ծրագորւմ ավելացվում են հետևյալ ոլորտները՝ մշակվող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տարբեր ոլորտների ընկերություններում բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն: Պետությունը պատրաստ է փոխհատուցել նրանց աշխատավարձի մի մասը:

«Եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, ապա պետությունը պատրաստ է վճարել նրանց աշխատավարձի 20 տոկոսը: Այստեղ պետք է նշեմ, որ կարևոր է ոչ միայն այդ մասնագետի աշխատանքային փորձը, այլև կրթությունը: Դրանից բացի, այն ներգրավված մասնագետները, որոնք ունեն դոկտորական աստիճան, ապա պետությունը պատրաստ է վճարել աշխատավարձի 50 տոկոսը: Եթե այդ մասնագետները դասավանդում են համալսարաններում, ապա կվճարվի աշխատավարձի 70 տոկոսը»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հաճախ է խոսվում այն մասին, որ տարբեր ծրագրերով արվող աշխատանքի տեմպը չի գոհացնում, սակայն առանձնացրեց այս ծրագիրը, որն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

«Այստեղ մեկ խնդրի կրկին ուզում եմ անդրադառնալ: Ծրագրի պոտենցիալ շահառուն պետք է իրազեկված լինի այս ամենին: Մենք գնում ենք գյուղեր, հարցնում ենք, մարդիկ չեն լսել: Մենք պետք է շատ ակտիվ լինենք այս հարցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

  • Կիսվել: