չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Պետք է նոր գաղափարների շուրջ մտածենք». Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի հետազոտությունների V-րդ գիտաժողովը՝ Երեւանում

«Պետք է նոր գաղափարների շուրջ մտածենք». Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի հետազոտությունների V-րդ գիտաժողովը՝ Երեւանում

Երևանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի կողմից կազմակերպված Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի հետազոտությունների V-րդ գիտաժողովը։ 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով. «Այս կոնֆերանսը յուրահատուկ է Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումների տեսանկյունից: Այսօր Չինաստանի մասին դիսկուրսը պտտվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շուրջ: Աշխարհի տարբեր երկրների հետ նախաձեռնության շրջանակներում փոխըմբռնման 151 հուշագիր է ստորագրվել։ Հայաստանը նախաձեռնությանը սատարող առաջին երկրներից էր։

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում Չինաստանի տնտեսությունը կենտրոնական դիրք է զբաղեցնում: Այս զարգացումները պայմանավորված են առաջին հերթին տեխնոլոգիական առաջընթացով՝ հատկապես թվային եւ տեղեկատվական լուծումների զարգացմամբ: 

Տեխնոլոգիական դարաշրջանը  նաեւ ռազմատեխնիկական համագործակցության մոդել է ստեղծում: Մենք պետք է նոր գաղափարների շուրջ մտածենք, օրինակ, կիբեռկառավարում կամ միջազգային կիբերնորմեր: 

Անկախության տարիներից սկսած Հայաստանն ու Չինաստանը տարբեր ոլորտներում համագործակցել են: Համագործակցության նոր ոլորտ է սոցիալական պաշտպանությունը: Չնայած Չինաստանը մեծ երկիր է, Հայաստանը փոքր, երբեմն երկուսն էլ նույն մարտահրավերներին են բախվում»:

Նախարարը խոսեց նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից՝ կարեւորելով այն. «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մոդելը ներառում է ոչ միայն անվտանգային չափումը, այլեւ հաղորդակցություն, տնտեսական համագործակցություն եւ մշակութային փոխանակում: Այն Հայաստանին դարձնում է կարեւոր խաղացող եվրասիական տարածաշրջանում: Այս ծրագիրը համահունչ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Այն ոչ միայն ՀՀ անվտանգության առաջնահերթություն է, այլ նաեւ տարածաշրջանային եւ  փոխակերպող ազդեցություն ունի: Ծրագիրը տարածաշրջանի փոքր երկրներին հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ եվրասիական տարածաշրջանում կապուղիների հաստատման վրա»,- ընդգծեց Նարեկ Մկրտչյանը:

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Ն.Գ.Ֆան Յոնը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը սկիզբ է առել Չինաստանից, բայց դրա հաջողությունը կախված է աշխարհի բազմաթիվ երկրներից։ Համագործակցություն է հաստատվել հինգ մայրցամաքների տարբեր երկրների և ավելի քան 30 միջազգային կազմակերպությունների հետ:

Հայաստանը նախաձեռնությանն արձագանքած առաջին երկրներից է և մասնակցում է համատեղ շինարարական ծրագրերի: Չինաստանի և Հայաստանի միջև առևտուրը էապես աճել է։ Միայն վերջին տարում այն ավելացել է 30%-ով՝ հասնելով 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի։

Վերջերս Շանհայում կայացած ներմուծում-արտահանում ֆորումին հայաստանյան ավելի քան 20 կազմակերպություն է մասնակցել։ Չինաստանի մասնակցությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում Հայաստանում, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը։

Հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր է խաղում նաև լեզվական խոչընդոտների հաղթահարումը և մշակութային փոխանակությունը։ Այս տեսանկյունից հայ-չինական բարեկամության դպրոցը կարևոր նպաստ է բերել միջմարդկային շփումների զարգացմանը։

Շարունակաբար համագործակցություն է հաստատվում նաև տարբեր քաղաքների ու շրջանների միջև։ Չինաստանի ջանքերն ուղղված են ավելի ներառական, կանաչ և գեղեցիկ աշխարհ ստեղծելուն, որտեղ կա կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում»,- ընդգծեց դեսպանը:

Նշենք, որ այս Համաժողովի աջակիցն է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։  Համաժողովին ներկա են դեսպաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ աշխարհի 20 երկրներից, ելույթ կունենան 44 գիտնականներ և դիվանագետներ: 

Նրանց մեջ են ՉԺՀ դեսպան Ն.Գ. Ֆան Յոնը, Ավստրիայի Զինված ուժերի գիտական հանձնաժողովի ռազմավարության և անվտանգության քաղաքականության խորհրդատվական կոմիտեի նախագահ Պրոֆ. դոկտոր Հայնց Գերթները, Շանհայի համագործակցության կազմակերպության «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» գլխավոր քարտուղար Ն․Գ․ տիկին Ջըն Վեյը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն, Տիկին Գոհար Բարսեղյանը, ԱՄԷ-ի Դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների տնօրեն դոկտոր Նարայանապպա Ջանարդհանը,  «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար ք.գ.թ. Մհեր Սահակյանը, ՄԱԿ-ի ԱԽՕՏՍՀ-ի Կայուն Բիզնես Ցանցի փոխնախագահ դոկտոր Դեյվիդ Մորիսը, Ռուաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Եվրասիական սեկտորի ղեկավարի տեղակալ, Ք․գ․թ․Ալեքսանդր Կորոլևը և այլք: Հատուկ հյուրի կարգավիճակով իրենց մասնակցությունն են հաստատել Ղազախստանի, Սերբիայի, Սիրիայի դեսպանները, դիվանագետներ Կանադայից, Ֆրանսիայից,  Ռուսաստանից և այլ դեսպանատներից:

Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը այս թեմայով կազմակերպել է 4 միջազգային ակադեմիական գիտաժողով։ Այս գիտաժողովը պետք է միավորի նոր միջազգային թիմ հեղինակավոր Ռութլեջ հրատարակչությունում Չինաստանի և Եվրասիայի միջազգային հարաբերությունների վերաբերյալ ձեռնարկի հրատարկման համար։ Այսպիսի փորձ արդեն եղել է նախորդ տարիներին՝  2018-2019թթ․ի համաժողովների արդյունքում հրատարակվել է «Չինաստան և Եվրասիա. համագործակցության և հակասությունների վերաիմաստավորումը համաշխարհային կարգի փոփոխության դարաշրջանում» գիրքը, իսկ 2021թ․ի համաժողովի արդյունքում 2023թ․ին հրատարակվել «Չինաստանը և Եվրասիական տերությունները բազմաբևեռ աշխարհակարգում 2.0. անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբերտարածություն» գիրքը: Երկու գրքերը լույս են տեսել հեղինակավոր Ռութլեջ հրատարակչության կողմից։

  • Կիսվել: