շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան. նախարար

Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան. նախարար

Հայաստանի տնտեսությունում արվող ներդրումները կառավարության սահմանած թիրախի շրջանակում են, սակայն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եղածը բավարար չի համարում՝ կարևորելով շարունակաբար նոր ներդրումներ ներգրավելը։ 

Գևորգ Պապոյանն այս մասին ասել է հունվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ։ 

«Մեր ներդրումների համախառն կուտակման ծավալն անցել է 2 տրիլիոն դրամը: 2010-ականներին եղել է 900 մլրդ-1 տրլն 200 մլրդ: 2018 թվականին եղել է 1 տրլն 300 մլրդ: Համախառն կուտակումը Հայաստանում 20.9 տոկոս է»,–ասաց Պապոյանը:

Նախարարը համեմատության համար այլ երկրների ցուցանիշներ ներկայացրեց, օրինակ՝ Վրաստանում 21.5 տոկոս է, Իռլանդիայում, որն աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից է՝ 23.2 տոկոս: Ըստ նրա՝ այս առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշ ունի: 

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը 2008 թվականից անընդհատ իջել է մինչև 2020 թվականը: 2021-ին ՕՈՒՆ-ի զուտ պարտավորությունների ստանձնումը՝ 370 մլն դոլար, 2022-ին՝ 980 մլն դոլար, 2023-ին՝ 580 մլն դոլար: 2024-ը չի ամփոփվել: 2018-ին եղել է 180 մլն դոլար, 2017-ին՝ 250 մլն դոլար»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը նշեց՝ կան ներդրումներ, սակայն եղածն իրեն չի բավարարում:  

«Որպեսզի ունենանք կայուն տնտեսական աճ, այս պատկերը պետք է պահպանվի: Թիրախում ենք, բայց պետք է պահենք ու բարձրանանք: Մեծ նպատակներ ենք մեր առաջ դրել: Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան: Ներդրումներ բերելն այն սցենարն է, որ մեզ կապահովի և ֆինանսական, և տնտեսական կայունություն»,-ասաց նախարարը: 

 

  • Կիսվել: