հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետական ֆինանսավորում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

Պետական ֆինանսավորում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

Կստեղծվի նոր մոդելային սարք, որով Սևանա լճի ծաղկման փուլում ափամերձ աղտոտված տարածքները կմաքրվեն լրացուցիչ օրգանական նյութերից՝ նվազեցնելով էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը և կենսածին տարրերի քանակը լճում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախագիծը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» և ««Ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում: Սևանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրությունները, միջոցառումներն ու ծաղկման երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակման աշխատանքներն իրականացնում են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն:

Վերջին տարիներին Սևանա լիճը ծաղկում է ազոտի և ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում, ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը և հանգեցնում ջրային կյանքի խեղման: Ծրագրերի շրջանակում արդեն իսկ իրականացվել է Սևանա լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում: ԱԹՄ-ի բիոթեստի տվյալներով՝ ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում առկա է ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաև անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում:

Դեռևս 2020 թ.-ից հետազոտվում են Սևանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։

Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ: Մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները: Ծրագրի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

Արդեն իսկ ստացված արդյունքները տպագրվել են մի շարք հանրապետական և արտերկրյա հանդեսներում, այդ թվում՝ Limnology and Freshwater Biology, 2020 (4) պարբերականում:

  • Կիսվել: