ՊԵԿ-ում առաջիկայում կկատարվեն նոր փոփոխություններ․ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին
Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարված աշխատանքների համար, այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում, հեռավար քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկել են 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։
«Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես, ՊԵԿ համակարգում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», -հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով 2019-ի բյուջեի հաշվետվությանը, Փաշինյանը նշեց, որ 2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի համար, քանի որ ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել։ Այդ գումարներից 62 մլրդ դրամը, ըստ Փաշինյանի, դարձավ պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց որպես ԱԱՀ դեբետային պարտք։
Վարչապետը ներկայացրեց նաև, որ 2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ 7․6 տոկոս տնտեսական աճ։