հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատմական Սանահինը կառանձնացվի Ալավերդի քաղաքից եւ կդառնա առանձին բնակավայր

Պատմական Սանահինը կառանձնացվի Ալավերդի քաղաքից եւ կդառնա առանձին բնակավայր

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությանը, որով Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղ) կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Որոշման հիմնավորման մեջ նվում է, որ նման միջնորդություն է ներկայացրել Ալավերդի համայնքի ղեկավարը:

Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ներկայումս գյուղն ունի  273 տնային տնտեսություն: Գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը' անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք:

2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:              

  • Կիսվել: