հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՆԻՖ-ը նոր ներդրումային ծրագրով իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով

ԱՆԻՖ-ը նոր ներդրումային ծրագրով իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր: Այս մասին հայտնում են ԱՆԻՖ-ից, նշելով, որ «Բերրիմաունթ» (Berrymount) համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով։

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և արդեն ունի երկու ջերմոց՝ ընդհանուր 6 հեկտար տարածքով։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի երրորդ ջերմոցը։ Ընկերությունն իր արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանում է։ Ջերմոցների սարքավորումները մատակարարվում են ֆրանսիական «Րիշել» ընկերության կողմից, որը ոլորտի առաջատարներից է։ Ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով՝ առանց պեստիցիդների և քիմիական մշակման։

ԱՆԻՖ-ի ներդրման արդյունքում կառուցվելիք նոր ջերմոցը նախատեսում է կրկնակի ավելացնել ընկերության արտահանումը։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումը կազմում է 960 մլն ՀՀ դրամ։

«Բերրիմաունթ» ընկերությունում մեր համատեղ ներդրումը շուկայում արդեն կայացած ընկերության հետ հնարավորություն է ընձեռում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալի մեծացման ու շուկայի ընդլայնման համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ ընկերությունը, որի հետ իրականացնում ենք ծրագիրը,  ոլորտում ունի տարիների հաջողակ փորձ»,- մեկնաբանելով գործարքը՝ նշել է «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը:

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոյի խոսքով՝ ԱՆԻՖ-ի ներդրումը կօգնի ընկերությանը իրագործել ընկերության ընդլայնման ռազմավարությունը.

«Մենք այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ թե որպես պետական աջակցություն բիզնեսին, այլ որպես համատեղ արդյունավետ և շահավետ բիզնես ներդրում թե՛ մեր ընկերության, թե՛ ԱՆԻՖ-ի համար։ Որակյալ գյուղմթերքի պահանջարկն աճում է և Հայաստանի մրցունակությունն այս ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի»։

Ջերմոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թ. օգոստոսին։

  • Կիսվել: