երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Պապիկյանն արձանագրել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժ

Պապիկյանն արձանագրել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։

Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․ «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018թ․ համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»։

Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով գնահատել է ոչ բավարար և հանձնարարել ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների գանձման ցուցանիշը։

«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։

ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝ ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։

 

  • Կիսվել: