շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր

Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր

2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝
 
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
 
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ մասնակից հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
 
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
 
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների մասով ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը նույն ժամկետում վճարում են պետական բյուջե:
 
Արդյո՞ք 20 մլն դրամ և ավելի վարկ ստացած ՀՀ քաղաքացին հանդիսանում է հայտարարատու
Ոչ, այս դեպքում վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում։
 
Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր
 
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։
Համակարգում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ Հայտարարագրի ներկայացման քայլերը կարող եք գտնել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=gic1Yx54Efg&t=2s
 
Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
 
Հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով և էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդայանությունը կարող եք գտնել այստեղ՝ https://www.src.am/am/getNews/422։
 
Ի՞նչ է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգը
 
«Ես եմ» հարթակը անձի նույնականացման գործիքների հավաքակազմ է, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.ekeng.am/hy/esem
 
Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն
 
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում գործում է երեք տեսակի էլեկտրոնային ստորագրություն (Cosign, ID card, mID), որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ekeng.am/hy/e_sign
 
Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը
 
Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ekeng.am/hy/pin_code_activation
 

  • Կիսվել: