չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օղու, ծխախոտի գովազդի արգելումը չպակասեցրեց դրանց օգտագործողների թիվը․ Քեշիշյան

Օղու, ծխախոտի գովազդի արգելումը չպակասեցրեց դրանց օգտագործողների թիվը․ Քեշիշյան

Կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կարող է շատ վնասակար ազդեցություն ունենալ, գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց «Ա թիվի» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։

«Պետք է հասկանալ, թե ինչպես են գնալու մեր զարգացման պլանները, քանի որ կարծում եմ, որ բոլոր հռուստաընկերությունները լիցենզավորման պահին հաշվի են առել այն ռեսուրսները, որոնք կարող էին գալ հենց այս գովազդից»,–ասաց նա։

Նա նշեց, որ թեև ինֆորմացիան կարող է ազդեցություն ունենալ, սակայն հեռուստատեսային գովազդն ունի հստակ կարգավորումները։ «Հեռուստադիտողի տարիքը 40 պլյուս է և ենթադրաբար այն մարդիկ, որոնք դիտում են հեռուստատեսություն․ ավելի հասուն են և ունակ են ճիշտ որոշումներ ընդունելու»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե արդյոք այս պարագայում հնարավոր է այնպես անել, որ նույնիսկ եթե այս կարգավորումները ընկալվեն և ընդունվեն, ապա հնարավոր լինի այդ օրենքի  կիրառումը տեղափոխել մի քանի տարի ուշ, որովհետև ենթադրաբար նաև հեռուստաընկերությունները պետք է փորձեն ադապտացվել այս նոր օրենքին։

«Արդյոք հնարավո՞ր է գովազդի պատասխանատվությունը ավելի մեծացնելով՝ մեզ տալ հնարավորություն՝ աշխատելու պետության հետ, և տալու սոցիալական, կիրթ համակարգված գովազդ, որը կփորձի բարձրացնել նաև քաղաքացիների պատասխանատվությունը»,–ասաց նա։

Որպես օրինակ նա նշեց, որ օղու, ծխախոտի գովազդի արգելումը չպակասեցրեց դրանց օգտագործողների թիվը։ «Այնուամենայնիվ պետք է գտնել պայքարի ավելի արդյունավետ ձևեր, քան միանգամից տնտեսական մասին խփելը»,–ասաց նա։

  • Կիսվել: