երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը:

«Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերության ամեն նոր ուղղությունից փոխադրած և ՀՀ մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորի համար հետևյալ սահմանաչափով. Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար 1 ուղևորի հաշվարկով՝ 15 հազար դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար՝ 20 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան: Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով:

«Ինչ նկատի ունենք՝ ասելով «նոր ուղղություն»: Սրանք այն ուղղություններն են, այն քաղաքները՝ անկախ այնտեղ գտնվող օդանավակայանների քանակից, որտեղ առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակն ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռային ժամանակահատվածում՝ 10-ը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ցանկացած ավիաընկերություն, որն այս ծրագրից օգտվում է, առնվազն 1 կանոնավոր չվերթ պետք է իրականացնի դեպի Գյումրի: Եթե Գյումրի բերում է նոր ուղղություն, իսկ Երևան չի բերում, կարող է դառնալ ծրագրի շահառու, բայց եթե Երևան բերում է նոր ուղղություն, իսկ Գյումրի չի բերում, չի կարող դառնալ ծրագրի շահառու: Այսինքն՝ դա պետք է լինի Գյումրու համար նոր ուղղություն:

«Ոչ թե Հայաստանի համար նոր ուղղություն պետք է բերի Գյումրի, այլ Գյումրու համար պետք է նոր ուղղություն բերի Գյումրի: Ցանկացած ուղղություն, որ նախկինում Գյումրիում վայրէջք չի ունեցել, ունենա, այս ծրագրում ներառվելու է»,- ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագաքեց՝ սա շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման համար, ապա հիշեցրեց. «Աշխարհի տարբեր երկրներ և կազմակերպություններ շատ ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն են վարում՝ դեպի իրենց ձգելու և՛ նոր ավիաուղղություններ, և՛ զբոսաշրջիկների»:

  • Կիսվել: