Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու. Փաշինյան
«Սկզբունքորեն սրանք վատ ցուցանիշներ չեն, սրանք չափազանց լավ ցուցանիշներ են, բայց մենք պետք է հարց տանք, թե արդյոք, ընդհանուր առմամբ, գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ բոլոր առևտրային գործարքներն արվում է հաշիվ-ապրանքագրի դուրսգրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ ոչ, այսինքն՝ հսկայական ստվերային առևտրաշրջանառություն կա մեր երկրում, չնայած աճը տպավորիչ է»,-այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի:
Ըստ նրա՝ դա աստղաբաշխական թիվ է, և այդ ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, վարչապետի խոսքով, շատ լավ է։ «Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-ասաց Փաշինյանը»։
Վարչապետը հավելեց. «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։
Նա ընդգծեց, որ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։ «Գալու է 2020 թվականը` Նոր տարի, և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։ Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»: