հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր սկսվող շինարարական օբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն. Եղիազար Վարդանյան

Նոր սկսվող շինարարական օբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն. Եղիազար Վարդանյան

Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, մարզադահլիճներում, նաև հանդիպում եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով դպրոցաշինության հետ կապված խնդիրներին:

«Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարական կազմակերպման լուծումներ, և կուղարկենք շարունակության մեջ գտնվող բոլոր շինարարական օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն խնդիրները, և մենք հետագայում խնդիրներ չունենանք»,- ասաց Եղիազար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այժմ ուշադրությունն առաջիկա երկու ամսում հանձնվող շինարարական օբյեկտների վրա է, զուգահեռաբար իրականացվում է օգտագործվող շինանյութերի բնութագրերի հստակեցում: 

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, որ նոր սկսվող շինարարական օբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, ու մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, ինչ արձանագրվել է նախկինում»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

«Ձևավորել ենք աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում և ոչ միայն ակնադիտական, այլև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու արդեն իսկ կառուցված օբյեկտներում, այն թաքնված աշխատանքների, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, որպեսզի բացահայտվեն թերությունները, և միջոցներ ձեռնարկենք այդ թերությունները շտկելու ուղղությամբ:

Զուգահեռաբար մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ:

Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- նշեց նա:

  • Կիսվել: