հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ քաղաքացու նամակի պատասխանը

Նիկոլ Փաշինյանը ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ քաղաքացու նամակի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ քաղաքացու նամակի պատասխանը:

«Առևտրական առուվաճառքի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա է օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված առևտրական առուվաճառքի գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, այսինքն` եթե քաղաքացին ձեռք է բերել փաստաթղթով իքս գնով և դրան ինչ-որ իր շահույթի մարժան ավելացրել է և վաճառում է, սկզբնական արժեքը ծախսագրելու հնարավորություն է իրեն տրվում: Իրացման և վարչական ծախսերի մեջ ներառվում են նաև գրությամբ ներկայացված ծախսերը: Մասնավորապես` առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող տարածքի վարձակալական վճարը: Հիշեցնեմ` քաղաքացին ուղիղ հարցը տվել էր, տարածքի վարձակալական վճարը կարո՞ղ եմ նվազեցնել, թե՞ չէ, պատասխանը հետևյալն է, այո՛, կարող եք նվազեցնել: Գանձապահ խորհրդատուի վարձատրությունը կարո՞ղ է նվազեցվել, թե՞ չէ. պատասխանը հետևյալն է, այո՛, կարող եք նվազեցնել: Pos-տերմինալի միջոցով անկանխիկ վաճառքների դեպքում բանկի կողմից գանձվող միջնորդավճարների գծով ծախսերը կարո՞ղ ենք նվազեցնել. պատասխանը հետևյալն է, այո՛, կարող եք նվազեցնել: 

ՊԵԿ կայքում ես նկատեցի, որ շատ ավելի ընդլայնված տարբերակով է ներկայացված, որ մյուս հնարավոր դեպքերն էլ ներառված են:

Ընդ որում` վարչական ծախսերի նվազեցման հնարավորությունը սահմանվել է 2025 թվականի մարտի 26-ի ն ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, ըստ որի` 2025 թվականի հունվարի 1-ից նվազեցման ենթակա են նաև վարչական ծախսերը: Օրենքը մենք ուժի մեջ մտցրել ենք, ընթացքում քաղաքացիների հետ շփման հաղորդակցության արդյունքում այնտեղ, որտեղ իրենք մեզ մատնացույց են արել, որտեղ փաստարկը հիմնավոր է, գնացել ենք, օրենքի փոփոխություն ենք արել, և օրենքին հետադարձ ուժ ենք տվել 2025 թվականի հունվարի 1-ից: Սա քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքն է եղել»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին մի քաղաքացուց ստացած նամակ ընթերցեց: Քաղաքացին նշում էր՝ ըստ օրենքի՝ շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնի շրջանառության հարկի նոր ձև: Մինչդեռ, ինչպես ներկայացրել էին ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, այն, որ նոր ձևը լրացվում է ինքնաշխատ, իրականում, ըստ քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը:

  • Կիսվել: