հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներդրողների համար կանխատեսելի միջավայր կստեղծվի. նախագիծ

Ներդրողների համար կանխատեսելի միջավայր կստեղծվի. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը հայտնեց՝ տվյալ նախագիծը բխում է մեր հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը և լավ պայմաններ ստեղծել մեր նորարարական կազմակերպությունների ստեղծման, զարգացման ու ներդրումների ներգրավման համար:

«Խոսքը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ՍԵՅՖ (Simple agreement for Future Equity) տեսակի համաձայնագրերի վերաբերելի որոշակի դրույթների սահմանման մասին է: Սա մեր ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում ներգրավել ներդրումներ և ներդրողների համար ավելի հարմար և կանխատեսելի միջավայր է ստեղծում»,- պարզաբանեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտությունը, ըստ էության, բխել է մասնավոր սեկտորից:

ՍԵՅՖ պայմանագրերը միջազգայնորեն տարածված գործիք են, որի միջոցով իրականացվում է ստարտափ ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը դրանց զարգացման սկզբնական փուլերում: Այն լայնորեն կիրառվում է հատկապես բիզնես-հրեշտակների կողմից նախնական փուլում ներդրումների կատարման համար և բիզնես հրեշտակների համար ճանաչելի ու վստահելի գործիք է:

ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը, պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:
 
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
 
ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամբ տոկոսներ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է, այն կազդի ներդրումային մթնոլորտի վրա և կնպաստի հատկապես ստարտափ նախաձեռնությունների աշխատանքների բարելավմանը՝ ներդրումային տեսանկյունից:

Հարցին հանձնաժողովում տրվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: