Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավարին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, այս պահին մշակվող ժողովրդագրության և զբաղվածության ռազմավարությունները․ մասնավորապես՝ մրցունակ աշխատուժի ապահովման, երիտասարդների հմտությունների կատարելագործման, աշխատաշուկայի զարգացման, կանանց տնտեսական հզորացման և ներուժի օգտագործման, ինչպես նաև ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ ծերության ապահովմանն ուղղված ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև նախարարության և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություններին ու միջոցառումներին՝ ուղղված խոցելի խմբերի ծառայությունների մատուցմանը, որակի բարելավմանը։
Էնդրյու Գալիցիան պատրաստակամություն է հայտնել համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, իրենց փորձառությամբ կիսվել հայ գործընկերների հետ և անհրաժեշտ ներդրումն ունենալ ընթացիկ աշխատանքների իրականացման գործընթացում։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկված հարցերի շուրջ իրականացնել գործուն քայլեր։