կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները

Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում  պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ եւ կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի եւ ավելի ժամանակահատվածում գտնվում է քննարկման եւ մշակման փուլում, առաջարկություններ են ուղարկվել բժշկական ասոցիացիաների կողմից, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն է եղել: Առաջարկություններ են ուղարկվել նաեւ Կառավարության կողմից, որոնք ընդունվել են: Նախագիծը քննարկվել է գրեթե 22 ասոցիացիաների հետ: Նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները, ինչպես նաեւ ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացմանը: Հիմնական զեկուցողի խոսքով նախատեսվել է, որ համագործակցությունը կայանա համաձայնագրի հիման վրա:

Նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը տեղեկացրել է, որ սահմանված որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ասոցիացիաները, որեւէ կերպ նպատակ չունեն սահմանափակելու ասոցիացիաների գործառույթները: «Նշված չափանիշներն ուղղակիորեն հնարավորություն են տալիս իրենց ոլորտային հարցերը նախարարության հետ քննարկել, քաղաքականության մշակման ընթացքում իրենց մասնակցությունն ունենալ եւ մասնագիտական կարծիք հայտնել»,- նշել է պատգամավորը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, քանի որ շարունակական մասնագիտական զարգացման բարեփոխումները եւս նպաստում են շատ ավելի կարեւոր գործառույթի ձեռքբերմանը: «Իսկ նախագծով սահմանված փոփոխությունները ոչ միայն չեն վնասի, այլ նաեւ կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը»,- հավելել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով Կառավարության կողմից արված առաջարկություններն ընդունվել են, որոնցից մի քանիսն առաջարկել է դիտարկել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

  • Կիսվել: