հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգի նախագիծը: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: 

Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ:  Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության,  այնպես էլ  փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացող հնարավոր վնասներից:

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականացվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի կնքմամբ: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի փոխհատուցելու փորձաքննության պատվեր ներկայացրած անձին, ինչպես նաև պետությանը հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով: 

Կսահմանվեն նաև փորձագետի ապահովագրության վճարները՝ ըստ տվյալ մասնագետի նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների  շրջանառության ծավալի: Ըստ այդմ՝ կարող  է սահմանել 500 հազարից մինչև 15 մլն ՀՀ  դրամ տարեկան ապահովագրության ընդհանուր սահմանաչափ:  Նոր գրանցված փորձագետների համար կսահմանվի 5 մլն դրամ սահմանաչափ:

Կարգի ընդունման արդյունքում փորձագետներն իրենց գործունեության իրականացման ողջ ընթացքում կունենան մասնագիտական ապահովագրության  պայմանագիր:

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպությունները, մասնագետներն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:       

 

  • Կիսվել: