կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոսկվա–Երևան ավիատոմսերի թանկացումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջային հոսքի վրա

Մոսկվա–Երևան ավիատոմսերի թանկացումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջային հոսքի վրա

Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի գների թանկացումը կարող է բացասաբար ազդել սպասվող զբոսաշրջային հոսքի վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
 
Նշենք, որ աշունը, որպես կանոն, ամենաակտիվ սեզոնն է զբոսաշրջության համար։
Ապրեսյանի խոսքով` այժմ Ռուսաստանից Հայաստան եկող անձինք դասական առումով համարվում են զբոսաշրջիկներ, բայց նրանք Հայաստան են գալիս ոչ զբոսաշրջային նպատակներով։
 
«Իհարկե, մարդիկ իրենց վաստակած գումարը վերցնում, գալիս են Հայաստան, որոշակի ժամանակ անցկացնում, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, բայց եթե ավելի խորը վերլուծենք իրավիճակը, կտեսնենք, որ դա կայուն զարգացման տեսանկյունից այդքան էլ դրական ազդեցություն չի ունենում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա»,–ասաց Ապրեսյանը։
 
Նրա խոսքով` տոմսերի թանկացման պատճառով Հայաստան չեն գալիս այն անձինք, որոնք ծրագրել էին իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում, ու նրանք պետք է այցելեին տարբեր մարզեր, և այդ գումարը պետք է հավասարաչափ ծախսվեր բոլոր մարզերում։
 
«Չի լինի նաև նրանց շփումը Հայաստանի մշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների հետ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Մոսկվա-Երևան ուղղությամբ տոմսերը կտրուկ թանկացան։ Օրինակ՝ «Fly Arna»-ն դրանք վաճառում էր 739 հազար դրամով, «Արմենիա» ավիաընկերությունը` 834 հազար դրամով։
Ռուսական ավիաընկերություններից ամենացածր գինն առաջարկում էր «Iraero»-ն՝ ավելի քան 3,5 հազար դոլարին համարժեք ռուբլի։
 

  • Կիսվել: