հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մինչև 2026 թվականը Շիրակի մարզում պետական ծրագրով կկառուցվի, կհիմնանորոգվի և կվերակառուցվի 30 դպրոց

Մինչև 2026 թվականը Շիրակի մարզում պետական ծրագրով կկառուցվի, կհիմնանորոգվի և կվերակառուցվի 30 դպրոց

 Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի պետական ծրագրում Շիրակի մարզից ներառվել է 30 դպրոց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում մոդուլային՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Ազատանի միջնակարգ դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շենքերի կառուցման աշխատանքները:

«Մի շարք բնակավայրերում ևս առաջիկա տարում կմեկնարկեն նոր կրթահամալիրների կառուցման, ուսումնական շենքերի վերանորոգման, ինչպես նաև նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքներ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմիլ Պետրոսյանը, նշելով, որ քաղաքաշինության ոլորտում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում է 8 ճանապարհաշինական ծրագիր, որից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ՝ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 2-ը՝ 15.9 կմ երկարությամբ՝ շուրջ 2.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Շիրակի մարզում իրականացվում է 7 ճանապարհաշինական ծրագիր՝ 7.6 կմ երկարությամբ՝ շուրջ 3.6 մլրդ դրամ գումարի շրջանակներում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:     

  • Կիսվել: