ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի. նախագիծ

Մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի. նախագիծ

Գործող կարգավորմամբ եթե ծնողը խնամքի արձակուրդում է եւ երեխայի մինչեւ երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաեւ այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Դրույթներից մեկով խնամքի նպաստի չափը սահմանում է գործադիրը: Ըստ այդմ՝ նախատեսվող գումարների չափը կազմում է 37.500 դրամ (աշխատող մայրերի համար) եւ 31.000 դրամից մի փոքր ավելի (չաշխատող մայրերի համար):

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին եւ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական եւ տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներով գործադիրը սահմանում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ:

Բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2.000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ առաջին ընթերցումից հետո ներկայացված խմբագրական եւ տեխնիկական բնույթի երկու առաջարկն ընդունվել է:

Այս հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում:

  • Կիսվել: