«Մեյրոն» գինիների առաջին շիշը վաճառվեց աճուրդում. գումարը փոխանցվել է ՀԱԱՀ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»-ին
Կարմիր անապակ «Մեյրոն» գինիների առաջին շիշը աճուրդում վաճառվեց ռեկորդային 500․000 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության հիմնադիր Մհեր Տերտերյանի ֆեյսբուքյան էջից։
Ամբողջ գումարը գործարարն ուղղել է Հայաստանում գինեգործության զարգացմանը, մասնավորապես, ՀԱԱՀ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»-ին։
«Այն հանդիսանալով գինեգործական ոլորտի առաջատար հաստատություններից մեկը՝ զբաղվում է խաղողի տեղածին սորտերի հավաքագրմամբ և ուսումնասիրմամբ, որն էլ թույլ է տալիս որոշելու գինեգործության մեջ նրանց արդյունավետությունը»,- իր գրառման մեջ նշել է գործարարը:
Վերջինս նաև հավելել է, որ կենտրոնում գիտականորեն հիմնավորվում և առաջարկվում են գինու պատրաստման գործընթացի կատարելագործված նոր եղանակներ: Ծանրակշիռ աշխատանքներ են տարվում տեղական պտղատեսակների կոլեկցիայի հիմնման ուղղությամբ և վերջիններիս հիմքի վրա նախատեսվում է ստեղծել ժամանակակից տնկարան:
Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել էր 5000 դրամ։