Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները, հայկական ընկերություններին կապում միջազգային արժեքային շղթաների հետ. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադ քաղաքում անցկացվող Թուրքմենստանի ներդրումային համաժողովի (TIF 2026) շրջանակում մասնակցել է «Ներդրումային գործունեությունը որպես դինամիկ և կայուն տնտեսական զարգացման առանցքային գործոն» ռազմավարական լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
«Մենք աշխատում ենք կրճատել լիցենզավորման գործընթացների ժամկետները, զարգացնել նոր սերնդի արդյունաբերական գոտիներ, բարելավել գործարար միջավայրը՝ Համաշխարհային բանկի B-READY վարկանիշին համապատասխան, ինչպես նաև ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում։
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները, բարձրացնում արտադրողականությունը և հայկական ընկերություններին կապում միջազգային արժեքային շղթաների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Իր խոսքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնարար ուղղություններին՝ արտադրողականության բարձրացում, տնտեսության վերափոխում և մարդկային կապիտալի զարգացում։
Նախարարն ընդգծել է նաև ենթակառուցվածքների և կապակցվածության կարևորությունը՝ մատնանշելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա առանցքային բաղադրիչը՝ TRIPP ենթակառուցվածքային նախագիծը։
Համաժողովը մեկ հարթակում միավորել է ավելի քան 800 պատվիրակ առավել քան 80 երկրից՝ պետական, ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, ներդրողների, նորարարների և ոլորտի առաջատար մասնագետների։


