ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք. վարչապետ

Մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք. վարչապետ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծերի փաթեթին:

«Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված մի շարք նպատակներ, ինչպիսիք են`

1. Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը, ընդ որում` ընդհանուր համակարգ ասելով` նկատի ունենք ԱԱՀ և շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին:

2. Շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորումը, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդումը, գործունեության որոշ տեսակների դուրսբերումը միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական»,- ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը. արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ:

«Բացի դրանից՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով. օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում. սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում. պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ժամանակն է շատ հստակ արձանագրել և բարձրաձայնել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև մեր տնտեսական քաղաքականությունը և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել: Մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Տրամպլինի տրամաբանությամբ եթե նայում ենք՝ մեր սիրելի տնտեսվարողներ՝ տրանպլինով հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Ի՞նչ ենք տեսնում. մենք շեմերը փոխում ենք՝ ասենք 120 մլն է տարեկան շրջանառությունը, գալիս են, ասենք, 118.5, 117 և այլն... այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերը զարգացնելու մոտիվացիա է տալիս: Մեր ռազմավարությունը հետևյալն է. մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք: Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար»:

  • Կիսվել: