շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մարզահամերգային համալիրը կհիմնանորոգվի կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն. Արժեքը՝ 2,3 մլրդ դրամ

Մարզահամերգային համալիրը կհիմնանորոգվի կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն. Արժեքը՝ 2,3 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն:

Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում՝ 2,3 մլրդ դրամ:

Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում:

Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական  մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:

  • Կիսվել: